ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Սպիտակ տուն: Թրամփի քայլը փորձագետներին ավելի զարմացրեց, քան նրա հեռախոսազանգն ու շնորհավորանքը Պուտինին` նախագահական ընտրություններից հետո: Թրամփը զանգահարեց հակառակ իր առանցքային խորհրդականների առարկությունների: Իհարկե, նրա գործողություններն արդեն ոչ մեկին չեն զարմացնում, նա վաղուց է հասկացրել, որ չի սիրում իրեն կաշկանդել որևէ կանոնով: Երբ նրա վարչակարգն ուշադրությունը սևեռել էր ռուս դիվանագետների արտաքսմանը` ի նշան բրիտանացիների հետ համերաշխության, Թրամփը որոշեց Պուտինին Սպիտակ տուն հրավիրել` դա չափազանց էր անգամ Թրամփի համար` գրում է Դով Զակհայմը The Foreign Policy-ում: Փորձագետներն ու այլ երկրների պաշտոնական ներկայացուցիչները ենթադրեցին, որ Թրամփի հրավերը վկայում է` վարչակազմում միասնականություն չկա, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին:
Փորձագետների կարծիքով` Թրամփը Ռուսաստանի նկատմամբ մի քաղաքականություն ունի, նրա վարչակարգը` մեկ այլ: Բացի այդ` բոլորը նշում են, որ Թրամփը չցանկանալով է ստորագրել ՌԴ ֆիզիակական ու իրավաբանական անձանց դեմ նոր պատժամիջոցները, որոնց հավանություն էր տվել Կոնգրեսը: Նա բացահայտորեն չի ցանկանում բացասական բառապաշարով խոսել ՌԴ նախագահի մասին: Մյուս կողմից` Թրամփը խնդիր չունի, որ իր վարչակարգը հակառուսական քաղաքականություն է վարում: Նա անհանգստանում է միայն Պուտինի համար: Թրամփը ձգտում է Պուտինի հետ անձնական լավ հարաբերություններ պահպանել` ինչ գին էլ դա ունենա: Թրամփի այդ դիրքորոշումը ընդհանուր ոչինչ չունի 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի «միջամտության» հետ, թեպետ Թրամփը շարունակում է հերքել այդ «միջամտությունը»:
ՌԴ նախագահի հետ լավ հարաբերություններ պահպանելու Թրամփի ցանկությունը կարող է պայմանավորված լինել նրա հյուրանոցային ու անշարժ գույքի բիզնեսով: Թրամփը երեք տասնամյակ հետաքրքրված է Ռուսաստանում բիզնես վարելով: Առաջին գործարար այցը 1987-ին էր` ԽՍՀՄ-ի ժամանակ: Թրամփը մի քանի անգամ եղել է Ռուսաստանում, նույնիսկ Մոսկվայում անցկացվող «Միսս տիեզերք-2013» մրցույթի հովանավորն է եղել: Ռուսաստանի նկատմամբ նրա նպատակները երբեք չեն փոխվել` Մոսկվայում Թրամփ թաուերի ու Ռուսաստանի առողջարանային քաղաքներում այլ հյուրանոցների կառուցումը: Բազմաթիվ վերլուծաբաններ քանիցս նշել են, որ Ռուսաստանում միայն մեկ մարդ է որոշումներ ընդունում` Պուտինը: Այդ երկրում իր նպատակներին հասնելու համա նա պետք է ստանա միայն մեկ մարդու հավանությունը: Զարմանալի չէ, որ Թրամփն ասելիք չուներ հարևան երկրներ Ռուսաստանի ներխուժումների, այլախոհների ու քաղաքական ընդդիմախոսների վրա հարձակումների, ԶԼՄ-ների ճնշումների, Եվրոպայի ընտրություններին միջամտությունների մասին; Թրամփը հանճար կամ գուշակ չպիտի լիներ, որ կանխատեսեր ՌԴ նախագահական ընտրությունների ելքը ու Պուտինի վերընտրությունը: ՌԴ նախագահը պաշտոնավարելու է մինչև 2024-ը կամ մինրև Թրամփի երկրորդ ժամկետի ավարտը, եթե, իհարկե, նա վերընտրվի: Այդ ժամանակ Պուտինը կարող է օգնել Թրամփին Ռուսաստանում բոլոր գործարքներն անելու ու անշարժ գույք ձեռքբերելու համար, որին նա ձգտում է երկար տարիներ: Մինչ այդ նա կշարունակի չքննադատել ՌԴ նախագահին` ինչ էլ Պուտինն անի: ԱՄՆ կառավարությունը ստիպված կլինի հակազդել ռուսական ոտնձգություններին Եվրոպայում, Մերձավոր Արևելքում ու ԱՄՆ-ում:
Հ.Գ. Երբ վերլուծաբաններն ու փորձագետները չեն գտնում իրենց կարծիքով տրամաբանական բացատրություններ, նրանք ընկնում են հնարովի վերլուծությունների ու եզրակացությունների հետևից: Միլիարդատեր Թրամփին աշխարհը նեղ էր ու նա անպայման պիտի բիզնես անի Ռուսաստանի ու անձամբ Պուտինի հետ: Այն էլ` 2024-ից հետո` 80-ին մոտենալիս: Համարյա ֆանտաստիկ է: Խորհրդականի մասին հայտնի անեկդոտի պես` հովիվը հոտը անցկացնում է ճանապարհով, Ջիպով գալիս-կանգ է առնում մի մարդ ու ասում հովվին` «Եթե ասեմ` հոտում քանի՞ ոչխար ունես, երկուսն ինձ կտա՞ս» Հովիվը մտածում է ու պատասխանում` այո: Անցորդը այս ու այն կողմ է նայում ու ասում է` 1472: Հովիվը զարմանում է, որ ճիշտ գուշակեց ու ասում է` «Եթե ես ասեմ` դու ինչ մասնագիտություն ունես, ոչխարներս հետ կտա՞ս»: Անցորդն ասում է` այո: «Դու խորհրդական ես»` ասում է հովիվը: Անցորդը զարմանում է` ի՞նչ իմացար: «Ես քեզ չկանչեցի` դու եկար, ասացիր` ինչ ես առանց քեզ էլ գիտեի, դեռ 2 շունն էլ ոչխարի տեղ անցկացրիր»: Ահա այսպես, կամ համարյա այսպես են կազմվում փորձագիտական եզրակացություններն ու վերլուծությունները մեծամասամբ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ